Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է, որ մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետում կլուծվեն, եթե ընտրություններից հետո նորընտիր ավագանին ցուցաբերի այնպիսի կամք, ինչպես գործող կառավարությունը: NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ այդ որակի աշխատանքը կախված է ընտրություններից, հնարավոր կլինի միայն ժողովրդավարական, արդար ընտրությունների անցկացման դեպքում:

«Երբ արդար ու ազնիվ նպատակ ես քո առջեւ դնում ու դրա իրագործմանը հավատում ես, ուրեմն կգտնվեն միջոցներ, կարեւորն այդ անհավանական թվացող նպատակի հետեւից գնալն է: Այս քաղաքական ուժը, որ հեղափոխություն իրականացրեց Հայաստանում, այդ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին: Ասաց՝ եթե նպատակադրվում է, միջոցն էլ գտնելու է: Այն փոփոխությունները, որ իրականացվեցին, եւ մենք դրանք տեսանք, դրանից հետո վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն նաեւ Երեւանում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ըստ նրա՝ արդար ընտրության պարագայում քաղաքային իշխանությունը պարտավորվելու է լավ ծառայել եւ արժանանալ Երեւանի բնակչի վստահությանը:  Նրա խոսքով՝ մայրաքաղաքի թե տրանսպորտի, թե վերելակների վատ վիճակի, թե թե մյուս հարցերի լուծման համար կան բավարար միջոցներ, եթե իշխանությունը կենտրոնանա դրանց լուծման վրա:    

«Պիտի շատ կարեւոր բան ապացուցենք առաջիկայում սպասվող ընտրություններով: Կառավարության այսօրվա թիվ մեկ չափորոշիչը պիտի լինի Երեւանի ավագանու  ընտրությունների լեգիտիմ լինելը: Եթե ժողովուրդն իսկապես ընտրեց իր ավագանու անդամներին, հետեւելու է, խրախուսելու է, կանգնելու է ավագանու թիկունքին ու պահանջելու է լուծումներ: Քննադատելու է սխալ աշխատանքը, բայց եւ հավատալու, որ իր ավագանին անտարբերության չի մատնելու դրանք: Կարեւորը քաղաքացու վստահությունն ունենալն է: Այդպես եղավ նաեւ կառավարության դեպքում, ասաց՝ վստահում եմ քեզ, եւ դրա դիմաց քո պատասխանատվությունը բազմապատկիր»:

Անդրադառնալով ընտրախախտումների ու ընտրակաշառքի վերաբերյալ վարչապետի նախազգուշացումներին, թե նման փորձ անողները կդատվեն, ասաց. «Էսքանից հետո թող որեւէ մեկը փորձի ընտրակաշառք բաժանել, բարեգործություն անել, տարբեր ձեւերով մարդկանց քվեն առնել: Դե թող փորձեն: Մնացածն արդեն իրավասու մարմինները գիտեն իրենց անելիքն ու պարտականությունները: Չեմ կարող ասել՝ բացառված է, բայց, ամեն դեպքում, չի կարող լինել այնպես, ինչպես նախկինում: Այդքան հիմար չեն լինի, որ նույն ձեռագրով աշխատեն»,- ասաց Անահիտ Բախշյանը: