Չինական ապրանքների ներկրման համար 200 մլրդ դոլարի չափով նոր մաքսատուրքերը, որ նախատեսում է սահմանել Դոնալդ Թրամփի վարչակազմը, կավելացնի կենցաղային իրերի գինը ամերիկացիների համար։ Այս մասին վարչակազմին հայտնել են ամերիկյան ընկերությունները, փոխանցում է Reuters-ը։

Այսօր Վաշինգթոնում կսկսվեն մաքսատուրքերի մինչեւ 25 տոկոսով ավելացման հետ կապված հանրային լսումները։

«Նախատեսվող մաքսատուրքերը զգալի վնաս կպատճառեն ամերիկացի սպառողներին, աշխատողներին, ձեռնարկություններին ու տնտեսությանը»,-հայտարարել է ԱՄՆ առեւտրի պալատը լսումների համար գրավոր ցուցմունքում։

Թրամփի վարչակազմը չունի համաձայնեցված ռազմավարություն Չինաստանի կողմից մտավոր սեփականության գողությունը եւ մյուս վնասակար առեւտրային պրակտիկաները կասեցնելու համար։ Սրա հետ կապված Առեւտրի պալատը կոչ է անում լուրջ քննարկումներ ծավալել Պեկինի հետ։

Ավելի քան 1400 գրավոր մեկնաբանություններում, որոնք կներկայացվեն լսումների ժամանակ, ընկերությունների մեծամասնությունը պնդում է, որ մաքսատուրքերը վնաս կհասցնեն եւ կավելացնեն ապրանքների գները սկսած Հելոուինի համար նախատեսված հագուստներից մինչեւ միջուկային վառելիքի մուտքը։