Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 23-ամյա Գ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200 մ կողասահել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ 36-ամյա Լ. Բ.-ն եւ 49-ամյա Մ. Շ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Լ. Բ.-ն տեղափոխվել է Բերդի ԲԿ, իսկ Գ. Մ.-ն եւ Մ. Շ.-ն՝ Բերդի զինվորական հոսպիտալ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին՝ 62-ամյա Ս. Բ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Բ.-ն հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: