Հարավային Կորեայի 89 քաղաքացիներ եւ նրանց ուղեկցող շուրջ 300 մարդ երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին, ավտոբուսով ուղեւորվել են Հյուսիսային Կորեա իրենց հարազատների հետ տեսակցության՝ 1953 թվականին Կորեական պատերազմի արդյունքում երկրի բաժանումից ի վեր առաջին անգամ, փոխանցում է DW- ն:

Հանդիպման մասնակիցների մեծ մասը 80 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են, նրանցից ամենատարեցը 101 տարեկան է: Հարազատների հանդիպումները տեղի կունենան երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Կիմգանսան տուրիստական շրջանում եւ կտեւեն մինչեւ չորեքշաբթի: Անջատված ընտանիքների հանդիպումների անցկացման որոշումը կայացվել է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ այս տարվա ապրիլին կայացած գագաթաժողովի արդյունքներով: Սա առաջին նման միջոցառումն է 2015 թվականից ի վեր:

Մինչ այդ՝ մինչեւ 2000 թվականը, կազմակերպվել էր Կորեայի հյուսիսից եւ հարավից բաժանված ընտանիքների 20 հանդիպում: Այդ ժամանակահատվածում Հարավային Կորեայից ավելի քան 130 հազար անձ դիմել են ԿԺԴՀ-ից իրենց հարազատների հետ հանդիպելու ցանկության մասին դիմումով, սակայն նրանցից շատերն արդեն մահացել են՝ այդպես էլ չտեսնելով իրենց մտերիմներին: