«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր՝ օգոստոսի 20-ին կհրավիրի լիագումար նիստ, որի ընթացքում կորոշվի, թե ով է գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Պատասխանելով ընտրություններում ցուցակի առաջին հորիզոնականում կուսակցության հնարավոր թեկնածուների մասին հարցին՝ նա նշեց, որ քննարկվում է Արմեն Մարտիրոսյանի, իր եւ վարչությունից դուրս գտնվող անձի թեկնածությունը։

Արձագանքելով հարցին, թե իրենց կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում լինելո՞ւ է ընդդիմադիր, թե՞ իշխանամետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ինչ–որ առումով գտնվում են ինքնության անցումային «բարդույթի» մեջ. «Երկար տարիներ մենք եղել ենք ընդդիմություն, հիմա ո՛չ կառավարությունում ենք, ո՛չ էլ ընդդիմադիր ենք»։

Նա շեշտեց միասնական ցուցակների անհրաժեշտությունը. «Մենք անցյալ շաբաթ հայտարարեցինք, որ մասնակցում ենք Երեւանի ավագանու ընտրություններին, մինչեւ այսօր ժամանակ տվեցինք եւ հույս տածեցինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը իրականություն կդառնա, բայց, ավաղ, հարգելի պատճառով, սակայն մեր կարծիքով սխալ մոտեցմամբ այն չիրականացվեց, սակայն հեղափոխության միասնական ցուցակը գոնե այս ընտրություններին պիտի վերածվի միջկուսակցական, բազմակուսակցական մրցակցության տարբեր ցուցակների»,–հայտարարեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ չի բացառվում, որ «մինչեւ արտահերթ ընտրություններ մենք կկարողանանք ավելի հեռահար մտածել, բայց ներկա դրությամբ սա է իրականությունը», ապա հույս հայտնեց, որ վերջապես կհաջողվի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, առանց վարչական ռեսուրսի կիրառման։

«Ժառանգություն» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ տակավին անկատար մեր ազգային հեղափոխությունը ամբողջանա»,–եզրափակեց նա։