Apple-ը չինական App Store-ից մոտ 25 հազար հավելված է հեռացրել՝ տեղական օրենսդրության պահանջների համաձայն, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստատեսությանը:
Պարբերականը նշում է, որ դա, հավանաբար, վերջին խնդիրն է, որը խանգարում է ամերիկյան ընկերությանը աշխատել ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող ամենակարեւոր շուկայում, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:
Հեռացված հավելվածների միջոցով, ինչպես պարզաբանում է թերթը, վիճակախաղերի կեղծ տոմսեր էին վաճառվում, ինչպես նաեւ՝ մոլախաղեր առաջարկվում: Apple- ի ներկայացուցիչը CNBC-ին հայտնել է, որ նման հավելվածներն օրենսդրորեն արգելված են Չինաստանում, ուստի եւ հեռացվել են չինական App Store- ից:
Apple-ի հավելվածների խանութից հեռացված հավելվածները Չինաստանի App Store-ում դրանց ընդհանուր թվի մոտ 1.4 տոկոսն են կազմում: Չինաստանի արդյունաբերության եւ տեղեկատվության նախարարության տվյալներով՝ Apple-ը մոտ 1.8 միլիոն հավելված է առաջարկում երկրում: