Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի վերաբերյալ շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված, այդտեղ խոսքի ազատության որեւէ սահմանափակում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը եւ աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

Եղոյանը նաեւ նշեց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ նախկին սովորությունների նոստալգիայով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել, նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»:

Նրա խոսքով, շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված եւ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախը»։

Եղոյանն ասաց, որ խոսքը չի վերաբերում կառավարության բոլոր աշխատողներին, այլ միայն քաղաքական պատասխանատվություն կրող պաշտոնյաներին. «Չի կարող վարչության պետը իր գործունեության մեջ հակասել քաղաքականություն որոշող պաշտոնյայի որոշումներին: Սա պետական կառավարման համակարգ է»:

Եղոյանը չցանկացավ հրապարկել, թե կոնկրետ ովքեր են կառավարությունում կոռուպցիա քարոզել:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերական, որտեղ նշվում էր, որ կառավարության անդամների, կառավարության ենթակա մարմինների ղեկավարների լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին եւ ռազմավարական ուղղություններին: