ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին՝ ՀՀ ՔԿ նախագահի բարդ եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ իրավապահ մարմինների, այդ թվում` քննչական կոմիտեների միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթները։ Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ու առավել խորացնելու փոխգործակցությունը եւ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ՔԿ նախագահը նշել է, որ երկու երկրների իրավապահ մարմինների ակտիվ համագործակցության համար առկա է բավարար իրավական բազա եւ իրավական օգնությունն իրականացվում է ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային-իրավական փաստաթղթերի, այնպես էլ՝ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ եւ նրանց մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Դեսպանը բարձր է գնահատել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների պատճենները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն փոխանցելու՝ ձեւավորված պրակտիկան, որը նպաստում է դրանց կատարումն արագացնելու գործընթացին։

Կողմերը կարեւորել են քրեական գործերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու ըստ անհրաժեշտության կոնկրետ գործերով միմյանց իրավական օգնության ցուցաբերումը, որի արդյունավետությունն անուղղակիորեն ազդում է երկու պետությունների իրավապահ մարմինների միջեւ փոխադարձ վստահությանը: