ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր՝ օգոստոսի 20-ին, նշվել է Շինարարի մասնագիտական տոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, շինարարներ:

«Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգեւոր զարգացումը: Եվ այժմ դուք եք արժանավոր հետեւորդները ձեր ուսուցիչների»,- Շինարարի օրվան նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքն այսպես է սկսել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ շինարարությունն ամեն ինչից զատ՝ քաղաքային ապրելակեպի, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ է:

Իհարկե, շուկան եւ պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին, սակայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ հենց այստեղ է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է վճռականորեն հանդես գա որպես հանրության ներկայացուցիչ եւ ի կատար ածի մշակութային եւ մտքի հեղափոխության իր առաքելությունը:

«Հայերի շինարարական արվեստը դարեր ի վեր գտնվել է քաղաքակրթությունների ուշադրության կենտրոնում, իսկ շատ դեպքերում անմիջականորեն ազդել նրանց վրա եւ ուղղորդել նրանց զարգացումը: Ժամանակի պահանջը միշտ թելադրել է կառուցել շինություններ, որոնք անհրաժեշտ են եղել ազգի պահպանման եւ գոյատեւման համար:

Այժմ, փոփոխված պայմաններից ելնելով, մենք պետք է նորովի մտածենք եւ վերագնահատենք թե ինչն է հատկապես անհրաժեշտ մեր ազգին»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը շնորհավորել է շինարարներին, փաստելով, որ դղյակներ եւ պալատներ կառուցելու ժամանակաշրջանին եկել է փոխարինելու՝ կրթական հաստատություններ, կանաչապատ գոտիներ կառուցելու անհրաժեշտությունը:

Բարեպաստ եւ կայուն զարգացող միջավայրը ոչ միայն լավ ցանկություն է, այլեւ առողջ սերնդի զարգացման կարեւորագույն պայման՝ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նոր դպրոցներ եւ համալսարաններ ունենալը ոչ միայն բարի, վերացական գաղափար է համարել, այլեւ վաղվա մրցունակ մասնագետների եւ երկրի մրցակցային առավելության գրավական:

Շինարարները կառուցելու իրավունքը վաստակում են կրթությամբ, դժվարին պայմաններում աշխատելով: Սակայն ցանկացած իրավունք անխուսափելիորեն բերում է պատասխանատվության, նշել է Կոմիտեի նախագահը, ինչն առաջին հերթին անվտանգ ու ապահով ֆիզիկական միջավայր ստեղծելն է: Դա սերունդների առջեւ պատասխանատվությունն է. չպետք է լինեն այնպիսի հետեւանքներ, որոնք եղան դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Ավետիք Էլոյանը կարեւորել է երեք դրույթ՝ իրավունք, պարտականություն եւ արտոնություն: Հենց արտոնության զգացմունքն է, որ կրթում է իսկական շինարարներին եւ զուգակցում ցանկացած ազգանվեր գործի: Պետք է կառուցել ոչ թե պարտավորության զգացմունքով թելադրված, այլ գնահատելով այն արտոնությունը, որ վստահվել է բոլորիս:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անդրադառնալով բախտորոշ պահի կարեւորությանը, երբ ազգի հետագա զարգացումն անմիջականորեն մեր ձեռքերում է՝ շինարարներին, ճարտարապետներին, քաղաքաշինարարներին եւ առհասարակ, յուրաքանչյուրին մաղթել է իր ոլորտում գիտակցել այդ արտոնությունը, որովհետեւ դա պետություն կառուցելու միակ ձեւն է:

Հայաստանի շինարարների միության անունից շինարարներին ողջունել եւ շնորհավորել է Միության նախագահ Գագիկ Գալստյանը. «Ավելի քան քառորդ դար է, ինչ հայ շինարարը կառուցում է իր անկախ հայրենիքում, բարեկարգում քաղաքներն ու բնակավայրերը՝ իրականացնելով բնակելի, հասարակական, առողջապահական, այլ նշանակության կառուցներ»:

Գագիկ Գալստյանը շեշտել է, որ Հայաստանի շինարարների միություն այսօր ավելի քան պատրաստակամ է աջակցելու Քաղաքաշինության կոմիտեին ոլորտի առաջնային հիմնախնդիրների լուծման հարցում՝ քաղաքաշինական պետական նորմերի եւ շինարարության գնագոյացման շուկայական մեթոդաբանության մշակում, լիցենզիաների տրամադրում, որակյալ շինարար կադրեր պատրաստում եւ այլն:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը, շնորհավորելով շինարարներին, կարեւորել է մեզ շրջապատող միջավայրում հաշմանդամների համար տեղաշարժն ապահովող պայմաններ ստեղծելը, ինչը պետք է հաշվի առնել հատկապես նոր շենքեր կառուցելիս:

2002 թվականից՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, մեր երկրում նշվող Շինարարի օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ առիթ դառնալով ոչ միայն միմյանց շնորհավորելու, այլեւ ոլորտի երախտավորներին գնահատելու:

Շինարարի օրվա կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրամանով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ոսկե մեդալով եւ շնորհակալագրերով: