Վենեսուելայի կառավարությունը օգոստոսի 20-ից սկսել է աստիճանաբար ավելացնել բենզինի գները երկու տարվա ընթացքում այն միջազգային մակարդակին հասցնելու նպատակով, փոխանցում է DW–ն։

Նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդ ընթացքում պետք է վերացվի այն իրավիճակը, որում բենզինը փաստացի կարելի է «նվիրել»։ Միաժամանակ, կառավարությունը մտադիր է սատարել իր՝ այսպես կոչված, գրանցված կողմնակիցներին (նյութական արտոնություն ստանալու համար հատուկ քարտերի տերերին), սոցիալական աջակցություն ստացողներին եւ հանրային տրանսպորտի ձեռնարկատիրություններին բենզինի ուղղակի դոտացիաներով, գրում է dpa գործակալությունը։

Ի տարբերություն մի շարք սննդամթերքների, ինչպես բրինձը, կաթը եւ կարագը, բենզինի պակասուրդ Վենեսուելայում չկա։ 1 լիտր բենզինը արժե 6 բոլիվար։ 1 եվրոյին  համարժեք բոլիվարի դիմաց Վենեսուելայում ներկայումս կարելի է գնել մեկ գավաթ սուրճ կամ շուրջ 1 մլն լիտր բենզին։