ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշեց, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է,  որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորեց Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձավ երկու երկրների միջեւ համագործակցությանը: Դեսպանը եւս հաստատեց, որ Հայաստանը եւ Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնեց, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի:  Ս. Սաջջադին նշեց, որ Իրանը Հայաստանի համար որեւէ սահմանափակում չունի եւ այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրեց, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:

Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ արդյունավետ հանդիպման համար: