Արմավիրի մարզում սելավը լուրջ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Նախօրեին շրջանում հորդառատ անձրեւներ են տեղացել, որի հետեւանքով Շենիկ, Քարակերտ եւ Դալարիկ գյուղերում մասամբ բերքը ոչնչացվել էր։

Քարակերտ համայնքի բնակիչ Աշոտ Թովմասյանը նշում է, որ այդպիսի հզորության սելավային հոսքեր չէին նկատվել վերջին տասը տարում։ «Ասֆալտի վրա ջրի բարձրությունը հասել է 30 սանտիմետրի, մեքենաները չէին կարողանում շարժվել»,–պատմել է նա NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։

Երեկվա արտակարգ դրությունից տուժել են նաեւ սերմնացանքերը։ Ականատեսների խոսքով՝ պատրաստի խոտի դեզերը տարել են ջրային հոսքերից զգալի հեռավորության վրա, իսկ մի քանի գյուղացիներ ստիպված են եղել ջրից փրկել խոշոր եղջերավոր անասուններին։ Սելավային հոսքերի ծածկել են ձմերուկի դաշտերը. «Մենք սպասում էինք բերքին արդեն 10 օր անց։ 1 հեկտարից կարելի է հավաքել 30-40 տոննա ձմերուկ»,–բողոքել է Շենիկ գյուղի բնակիչ Արամայիս Խաչատրյանը։

NEWS.am–ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը հայտնեց, որ սելավային հոսքերը այնպիսի հզորությամբ են եղել, որ հակասելավային կառույցները չեն կարողացել ջրի այդ ծավալի դեմն առնել։ Նրա խոսքով՝ սելավը վնասել է ջրահեռացման համակարգը, որի հետեւանքով անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ «Ամբողջությամբ գնահատել հասցված ֆինանսական վնասը կարելի կլինի համապատասխան ուսումնասիրությունից հետո»,–ասել է նա՝ հավելելով, որ կապիտալ վերանորոգման աշխատանքները կիրականցվեն, ըստ էության, ոռոգման սեզոնի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ ավելի լուրջ հետեւանքներից հնարավոր է եղել խուսափել մասնագետների կատարած աշխատանքի շնորհիվ, որոնք նախօրեին կարողացել են ջրի հոսքի ծավալը ջրատարում նվազեցնել վայրկյանում 5 լիտրից հասցնելով վայրկայում 0.7 լիտրի։

Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ եւ Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Վաղվանից համապատասխան համայնքներում կաշխատեն նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին: