Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպել է համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները:

Դավիթ Անանյանը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն, կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով:

«Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,- նկատել է կոմիտեի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համակարգի աշխատակիցներին համատեղ ձեռքբերումների համար։

Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը և հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարևորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է. «2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20.6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետևապես, ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարևոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է և ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների  աճը»:

Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաև բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաև կառույցի մասին հանրային ընկալումները. «Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ վարչարարություն իրականացնող մարմին է, ուստի պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ: Դավիթ Անանյանը հորդորել է աշխատակիցներին առաջնորդվել «օրենսդրությունը կիրառելը՝ պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե՝ վատը» նշանաբանով: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ընդգրկմամբ ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկվում են ՀՀ հարկային օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու հիմնական ուղղությունները՝ կապված հարկման ռեժիմները պարզեցնելու հետ։

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը հորդորել է աշխատակիցներին վերադասավորումներ անել հարկային և մաքսային ծառայողի վերաբերմունքում և գործելաոճում, բացառել կոռուպցիոն դրսևորումները և գիտակցել պաշտոնական պարտականությունների կատարման առումով պետության ակնկալիքները: