Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել Խաչատրյան քույրերին, ովքեր մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Լսելով կողմերի կարծիքները, առաջնորդվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով, բողոքարկիչ դատարանը վճռել է. պաշտպանական կողմի բողոքը չբավարարել», — ասել է դատավորը:

Խաչատրյան քույրերից յուրաքանչյուրի վերաբերյալ բողոքարկիչ դիմումները առանձին են քննվել, փաստաբանները խնդրել են խափանման միջոցը տնային կալաքով փոխարինել:

Դատախազի խնդրանքով նիստերը փակ ռեժիմով են անցկացվել, քանի որ նա հաղորդել է ավագ քույրերի նկատմամբ սեռական բռնության փաստերի մասին:

Այս մասին լրագրողներին ասել է նաեւ միջնեկ քրոջ փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նրա խոսքով, քննությունը ստուգում է աղջիկների նկատմամբ հոր սեռական հանցագործությունների մասին տեղեկությունները: Պարշինի հաղորդմամբ, քննությունը կատարվածը  «անբարո գործողություններ» է անվանում:

Փաստաբանների խոսքով, բոլոր երերք աղջիկները խոստովանել են իրենց մեղքը սպանության մեջ եւ պատմել հանցագործության կատարման մանրամասները: Կրտսեր քույրը խոստովանել է, որ հորը ոչ ավել քան 5 դանակի հարված է հասցրել, ավագ քույրը պատմել է, որ գազ է փչել հոր դեմքին:

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող քույրերը կալանավորվել էին օգոստոսի 2-ին:

Քույրերի ազգականները մամուլին պատմել են Խաչատրյանի բռնությունների մասին: Աղջիկների մայրը խոստովանել է, որ տղամարդը նրան թույլ չէր տալիս տանից դուրս գալ եւ ծեծում էր, իսկ աղջիկների տատիկն ասել է, որ հայրը սպառնում էր նրանց: Աղջիկներն էլ բողոքում էին մշտական ծաղրանիքներից եւ ծեծերից, որոնք նկարում էին անգամ իրենց սմարթֆոնների տեսախցիկով: Այժմ նրանք հույս ունեն, որ լուսանկարները կկցվեն քրեական գործի նյութերին: