ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պարզաբանում է տարածել, թե ինչու հաղորդագրություն չի հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում դեռեւս օգոստոսի 6-ին կատարված խուզարկության մասին:

«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կատարված խուզարկության փաստը»,- ասված է ՀՔԾ մամուլի ծառայության տարածած պարզաբանման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը եւ գրասենյակում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: