Գերմանիայի կառավարությունը վաղաժամ է համարում Սիրիայում վերականգնման աջակցության հարցի քննարկումը: Նախ, Սիրիայում պետք է քաղաքական զինադադար լինի, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է DW-ն:

«Դաշնային կառավարության համար ակնհայտ չէ, որ արդեն այժմ անհրաժեշտ է զբաղվել հետագա վերականգնման հարցով (Սիրիա)», - ասել է Զայբերտը: Նա նաեւ հավելել է, որ սիրիական Իդլիբ նահանգին «մարդասիրական աղետ» է սպառնում:

Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել Եվրոպային օգնել վերականգնելու Սիրիայում ավերված ենթակառուցվածքները, ինչը, ըստ նրա, կնպաստի փախստականների վերադարձին երկիր: Գերմանացի քաղաքական գործիչները կտրուկ քննադատել էին նրա կոչը:

Զայբերտը նշել էր Գերմանիայի պատրաստակամությունը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ: Մերկելը եւ Պուտինը  պայմանավորվել են, որ արագացնեն նման հանդիպման  նախապատրաստումը, հավելել է նա: Այն կազմակերպելու առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: