Եվրամիության մշակած կանոնների համաձայն՝ սոցիալական ցանցերը միայն մեկ ժամ կունենան՝ ահաբեկչական բովանդակությամբ նյութերը ջնջելու համար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը: Նոր կանոնները կհրապարակվեն սեպտեմբերին:

Facebook-ը, YouTube-ը եւ Twitter-ը պետք է մեկ ժամվա ընթացքում հեռացնեն նման բովանդակությամբ նյութերը, եթե իրավապահները դրանք անօրինական համարեն:

ԵՄ անվտանգության հարցերի հանձնակատար Ջուլիան Քինգի խոսքով՝ որոշման նախագիծը կկիրառվի բոլոր կայքերի դեպքում: Նա նշել է, որ տեսանյութերի եւ այլ հաղորդագրությունների հեռացման քաղաքականությունը ոչ միշտ է պարզ:

«Այդ ամենը հանգեցնում է նրան, որ նման բովանդակությունը շարունակում է համացանցի միջոցով տարածվել՝ ջնջելուց հետո կրկին հայտնվելով ու տարածվելով մի հարթակից մյուսում»,- ասել է Քինգը: