Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի հոդվածը Հայաստանի մասին տպագրվել է ամերիկյան «The New York Times» թերթի «Սիրելի վայր» (Favorite Place) բաժնում։

«Վերջին տասը տարում ամեն անգամ Երեւան գալով՝ զարմացել եմ նրա նրբագեղությամբ եւ մշակութային հարստությամբ»,- գրում է Բալաքյանը:

Նրա խոսքով՝ իր վերջին այցի ժամանակ քաղաքը դարձել էր նորաձեւ մի վայր՝ գինետներով, փոքր գարեջրատներով, սրճարաններով, պատկերասրահներով, ձեռագործ գորգեր եւ այլ իրեր վաճառող խանութներով, նոր ռեստորաններով, ինչպես նաեւ բարձրակարգ հյուրանոցներով ու հագուստի խանութներով: 

Տրամադրությունը, ըստ բանաստեղծի, փոխվել է գարնան թավշյա հեղափոխության մեջ հազարամյակի սերնդի խաղացած դերով։

Պատմելով հայ ժողովրդի ապրած կյանքի, դարերի ընթացքում կրած զրկանքների, ցեղասպանության, սովետական ճնշման, Սպիտակի երկրաշարժի եւ Արցախյան պատերազմի մասին՝ Բալաքյանը գրում է, որ Հայաստանը, բանականության սահմաններում դատելով, այսօր քարտեզի վրա չպետք է գոյություն ունենար:

Նա նշում է, որ նման դժվար պատմության արդյունքում Հայաստանն այժմ ժողովրդավարական երկիր է, որը կարեւորում է իր բազմաշերտ անցյալը: Ըստ հեղինակի՝ մ.թ.ա. 7-րդ դարում ուրարտական Էրեբունու հիման վրա կառուցված մայրաքաղաք Երեւանը ներկայանում է որպես հին մշակույթի, արհեստներով լի ավանդույթների, ժամանակակից ճարտարապետության եւ բարձր տեխնոլոգիաներով հագեցած պոստմոդեռնիստական ոճի խառնուրդ՝ համեմված Հյուսիսային պողոտայի նոր համալիրներով եւ թանկարժեք խանութներով:

Բալաքյանը գրում է Երեւանում գտնվող թանգարանների, դրանց կարեւորության ու նշանակության, հայկական գինու, կոնյակի գործարանների մասին։ Նա նշում է, որ հայկական «Արարատ» կոնյակը ժամանակին Ուինսթոն Չերչիլի ամենօրյա սիրելի ըմպելիքն է եղել: Բալաքյանը գրում է, որ Հայաստան այցելողն անպայման պետք է գնա Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարան՝ Ծիծեռնակաբերդ, որտեղից նաեւ կերեւա հայկական խորհրդանիշերից Արարատ լեռը:

Գրողը պատմում է, որ Հայաստան գալիս միշտ, Երեւանից բացի, այցելում է Հայաստանի տարբեր վայրեր, ուր կարելի է գտնել հնամենի եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր ու անցյալից պահպանված հուշակոթողներ, հիացմունքով խոսում է Հայաստանի հարուստ բուսական ու կենդանական աշխարհի մասին:

Մեկ առ մեկ անդրադառնալով իր այցելած վայրերին, դրանց նախապատմությանն ու իր ստացած տպավորություններին՝ Բալաքյանը գրում է, որ Երեւանում գտնվելիս ամեն օրվա ավարտն անցկացնում է Հանրապետության հրապարակում քայլելով՝ մինչ երգող շատրվանները ողջունում են հնագույն քաղաքակրթությունից ծնունդ առած հայ ժողովրդին: