Չինաստանն ու Սալվադորը երեքշաբթի դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին եւ Սալվադորի ԱԳ նախարար Կառլոս Կաստանեդան Դյաոյույտայ պետական նստավայրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Սալվադորի նախագահ Սանչես Սերենը հայտարարել էր Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրա խոսքով՝ մինչեւ այդ քայլին գնալը, երկրի իշխանությունները մանրամասն վերլուծել են ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով ազգային նպատակները եւ խորհրդակցելով երկրում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։  

Իր հերթին՝ Թայվանի ԱԳ նախարար Ջոզեֆ Ուն դիվանագիտական հարաբերությունների խզումը կապել է այն հանգամանքի հետ, որ այդ երկրի ղեկավարությունը անսպասելի «աստղաբաշխական գումար» է խնդրել թայվանական կողմից որպես ֆինանսական օգնություն։

Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո Թայվանը ճանաչած երկրների թիվը կրճատվել է՝ դառնալով 17։