Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է ոչ միայն ընտրակաշառք տվողին, այլեւ վերցնողին քրեական պատասխանատվության ենթարկել: Նախագիծը մշակել է Վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, այն կընդգրկվի ԱԺ սեկտեմբերին մեկնարկող նստաշրջանի օրակարգում:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի նոր խմբագրմամբ հոդված 154.2-ով, որը վերնագրված է «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը», նախատեսվում է հետեւյալը.

«1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով»:

Նույն հոդվածը նախատեսում է, որ այդ արարքների համար «կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

Ընդ որում, «կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Նույն հոդվածով պատիժ է սահմանվում նաեւ ուրիշի փոխարեն քվեարկել հարկադրելու եւ ընտրական այլ արարքներ հարկադրելու համար պատիժ. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

Իսկ եթե այս արարքը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամկետով:

Նշենք նաեւ, որ խստացվել է նաեւ ընտրությունների շրջանում բարեգործություն իրականացնելու համար պատիժը:

Մասնավորապես, նույն հոդվածի 5-րդ կետով առաջարկվում է ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը) կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անուն, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-ից 6 տարի ժամկետով:

Օրենսգրքի 154.8-րդ հոդվածով էլ նախատեսվում է՝«Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1- 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Նախագծի հեղինակները նշում են, որ այս փոփոխությունների ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար եւ այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:

Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը և արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձևավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին: