100 օրը երկար ժամանակ չէ ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն բավարար ժամանակ է բարեփոխումների ուղիները որոշելու եւ դրանց իրականացման նպատակով թիմ ձեւավորելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին կայացած ոստիկանության հարյուրօրյա գործունեության ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Շտաբի պետի խոսքով՝ մայիսի 10-ից օգոստոսի 20-ը Հայաստանում հանցավորության աճը կազմել է 12.3 տոկոս նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ։ Ոստիկանությունում հակված են սրանում տեսնել գերատեսչության նկատմամբ վստահության աճ եւ հանցագործությունները թաքցնելու եւ չգրանցելու արատավոր պրակտիկայից հրաժարում։

Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններից 100 օրվա ընթացքում բացահայտվել է ավելի քան 1200 ծանր եւ ավելի քան 150 առանձնապես ծանր հանցագործություններ։ Դրանց թվում 42 սպանություն եւ սպանության փորձ, 17 բռնաբարություն եւ բռնաբարության փորձ, մահացու ելքով ավելի քան 130 ՃՏՊ։ Բացահայտվել են նաեւ ավելի քան 100 խաբեության, թմրանյութերի անօրինական շրջանառության ավելի քան 400 դեպք, ընդ որում՝ ավելի քան 200-ը սպառման նպատակով։

Չորս «օրենքով գողի» եւ քրեական հեղինակության նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։