Ես՝ որպես արդարադատության  նախարար, չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին,  իր պաշտոնավարմնա 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում քննել է ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու բողոքը եւ նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել:

«Ես՝ որպես արդարադատության  նախարար չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ: Վճռաբեկ դատարան բողոք է այս պահին ներկայացված եւ Արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը չի կարող այստեղ միջամտել»,-ասաց Զեյնալյանը:

Նախարարը ընդգծեց, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է  հավասարակշռվեն, փոխզսպվեն եւ հակակշռվեն իշխանության մյուս ճյուղերի կողմից:

«Եթե գործադիրն ու օրենսդիրն ունեն այս մեխանիզմները, այս պահի դրությամբ դատական իշխանությունը, դատավորները կարծես թե դուրս են մնացել՝ գործուն մեխանիզմ չկա եւ այդ ֆունկցաին մեծապես պետք է կատարի Բարձրագույն դատական խորհուրդը, բայց այդպիսի լիազորություն դրված է նաեւ Արդարադատության նախարարության վրա»,-ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ դիմումների քանակը աճել է 5 անգամ, կան դատարանի որոշումներ, որոնք իրենց պատճառաբանված եւ հիմնավոր չեն թվում եւ իրենք կքննարկեն այդ գործոերով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունները: