Մենք օգտվելու ենք այլ երկրների անցումային արդարադատության փորձից եւ չենք կրկնելու նրանց սխալները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին,  իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մենք ուզում ենք, որ մեզ մոտ լինի օրինականը, ամենաարդարը եւ ամենանախանձելին, ինչպիսին որ  հեղափոխությունը եղավ»,-ասաց նախարար Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ուսումնասիրություն է  կատարվում եւ ուսումնասիրվելու է Վրաստանի եւ այլ երկրների փորձը:

«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Դա լինելու է օրինական: Չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրություն չի խախտվելու»,-ասաց նա:

Նշենք, որ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր երկրում անցումային արդարադատության մարմիններ անհրաժեշտության մասին:

Առաջիկայում պետք է լուրջ քննարկում ունենանք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ. Փաշինյան