Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով, նրանց ցուցակը կգլխավորի արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը։ Այս մասին Զեյնալյանը հայտարարեց այսօր՝ օգոստոսի 21-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ հայտնելով, որ դաշինիք անունը քննարկման փուլում է։

«Ես հայտարարում եմ, որ համաձայնություն եմ տվել գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը»,–նշեց նախարարը։

Հարցին, թե ինչպես է համատեղելու նախարարի աշխատանքը եւ թեկնածուի կարգավիճակը, Զեյնալյանը հայտնեց. «Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում եւ կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին։ Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»։

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Այդ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիրը», ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, «Երկիր ծիրանին», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը եւ այլն: