Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտահոգված է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի կապակցությամբ:

Օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ Օսիպյանը համաձայնեց  լրագրողների հետ, որ երկրում ՃՏՊ-ներն ավելի ու ավելի են շատանում, եւ վատ չէր լինի վերականգնել նախկինում գործող ճանապարհային ոստիկանության պահակետերը: Նրա խոսքով՝ իրավիճակը պետք է ուսումնասիրվի, եւ հնարավոր է, որ այդ պահակետերը վերականգնվեն:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ որոշ վայրերում տարածքը պարզապես սեփականաշնորհվել է, մասնավորապես նշվել է Արթուր Բաղդասարյանի անունը, Օսիպյանը նշեց, որ հարցը պետք է ուսումնասիրվի: «Այս փուլում ուսումնասիրվում է պարեկային ծառայության ստեղծման հարցը: Այն կներառի մի շարք աշխատանքներ, այդ թվում նաեւ՝ խախտումների կանխարգելումը»,- ասաց Օսիպյանը: Սակայն, թե երբ դա տեղի է կունենա, Օսպիպյանը չհայտնեց:

Մեկնաբանելով իրավիճակը, երբ ՃՈ ծառայողները պարզապես վախենում են ինչ-որ բան ձեռնարկել՝ Հատուկ քննչական ծառայություն բերվելու վտանգի պատճառով, Օսիպյանը հավաստիացրեց, որ իրավիճակը փոխվել է: «Ես կապի մեջ եմ ՀՔԾ-ի ղեկավարի հետ եւ նրա կոչով իրավիճակին հետեւում են, որպեսզի ամեն ինչ լինի օրենքով: Որպեսզի անմեղ ոստիկաններին պատասխանատվության չենթարկեն: Նախկինում եղել են դեպքեր, երբ օրենքով գործող ոստիկաններին պատասխանատվության են ենթարկել, սակայն այժմ իրավիճակն այլ է», - վստահեցրեց ոստիկանապետը: