Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանի եւ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի միջեւ թեժ կրքեր են բորբոքվում։

Օգոստոսի 21-ի կայացած մամուլի ասուլիսին Բերբերյանը հայտարարեց գյուղատնտեսության նախարարին դատի տալու պատրաստակամության մասին այն բանից հետո, երբ վերջինս տհաճ հայտարարություն է արել իր հասցեին։

Սկանդալային պատմությունը սկիզբ է առել այն բանից հետո, երբ Բերբերյանը մեկնաբանել է նախարարի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 48 000 տոննա ծիրան։ Մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿ ղեկավարը հայտարարեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ բերված այդ տվյալի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ բնութագրելով այն որպես «նկարված թիվ»։  Հայկական լրատվամիջոցներից  Tert.am–ին տված հարցազրույցում նախարարը քննադատել է Բերբերյանի դիրքորոշումը՝ նշելով, որ եթե ինքը նկարեր, կնկարեր Բերբերյանի ծաղրանկարը։

Բերբերյանի խոսքով՝ այդ խոսքերը իրեն նյութական վնաս են հասցրել 117 մլն դրամի չափով, որը հաստատված է փաստաթղթերով։ Նշելով, որ նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12–րդ եւ 28–րդ հոդվածները, Բերբերյանը  հայտարարել է  արդարության վերականգնման համար դատարան դիմելու իր պատրաստակամության մասին։ Փորձագետը հայտնել է, որ համաձայն գործող կանոնակարգի, նա պետք է նախապես դատական ատյաններ դիմելու հարցը համաձայնեցնի Ֆինանսների նախարարության հետ։