Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի  եւ Գորիսի օդանավակայաններով:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաեւ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուեւորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը: 

Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության եւ «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին: