ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարվել է գնահատական տալ «Սասնա ծռեր» խմբի գործողություններին: «Ես ունեմ իմ հստակ տեսակետը եւ գնահատականը այդ ամենին, որի մասին կասեմ հետո»,-այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Օսիպյանը:

Նա մի քանի անգամ ընդգծեց, որ 7-8 օր պատանդ է եղել ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» խմբի մոտ: Ոստիկանապետը հայտնեց, որ քննության ընթացքում իրեն հարցաքննել են, բայց դատարան չեն հրավիրել: Եթե հրավիրեն, Օսիպյանը պատրաստ է կրկնել նախկինում իր ասածը:

«Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը: Հարցերը նրանց ուղղեք»,-ասաց նա՝ պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամենրի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցին:

«Միանշանակ, ես եղել եմ պատանդ, իմ գործընկերները՝ նույնպես: Ինչ վերաբերում է խափանման միջոցը փոխելուն, դա որոշում է դատարանը: Կան ամբաստանյալներ, որոնք, կարելի է համարել, 2 տարում պատիժ են կրել: Մնացածի մասով կխոսենք հետո»,-ընդգծեց օսիպյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը, ըստ որի ոստիկանի սպանության մեղավորը ոչ թե Բիլյանն է, այլ Գրիգորյանը: Օսիպյանը նշեց, որ տեղեկացված չէ, քանի որ սպանությունից հետո գտնվել է ՊՊԾ գնդում՝ պատանդի կարգավիճակում: