ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր՝ օգոստոսի 21-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ քննադատեց մի քանի լրատվամիջոցների: 

Նա հայտարարեց, որ «երկու-երեք» լրատվամիջոցներ «սթափվելու» կարիք ունեն:

«Երկու-երեք ԶԼՄ-ներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն: Քննադատեք ինձ` ինչքան ուզում եք, նույնիսկ, երբ իմ հարազատներին են կպել, ես չեմ ուզել անձնավորել: Բայց կա պետության հարց, երբ դուք ձեր գործողություններով վնասում եք, ես թույլ չեմ տա, թող հանրությունը տեսնի ու իր գնահատականը տա, թե ձեր հոդվածների պատճառով ինչ խնդիրներ են առաջացել Սփյուռքում»,-ասաց նա:

Նախարարն անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի իր վերաբերյալ հրապարակումներին, ասաց, որ նույնիսկ իր ընտանիքի անդամներին են վիրավորել, սակայն ինքը որեւէ  կերպ չի արձագանքել:

«Ընդհուպ մինչեւ ընտանիքս սեւացրել են ինձ, բայց որեւէ կերպ չեմ արձագանքել, դատական գործընթացի մեջ չեմ մտել, բայց եթե մտնեի, դուք տանուլ եք տալու: Բայց ես ասել եմ՝ լավ, ոչինչ, հիմա խնդիրներ են լուծվում դրանով, թող վատաբանեն ինձ»,- ասաց նա:

Նախարարը վրդովվել էր այն պատճառով, որ հետեւյալ վերնագրով հոդված էր հրապարակվել,  թե սփյուռքի նախարարը պառակտում է ԱՄՆ-ի կամ Լոս Անջելեսի հայ համայնքը:

Իր՝ ԱՄՆ այցի մասին նախարարն ասաց, թե հրապարակել են ամբողջ հանդիպումների ցանկը եւ վստահեցրեց, որ հավասարակշռված է աշխատել եւ բոլոր կուսակցություններին ուշադրություն են դարձրել:

Նախարարն ընդգծեց, որ  նման հրապարակումներն են պառակտում Հայաստան- սփյուռք կապերը: