ԱՄՆ վարչակազմն առաջնահերթություն ունի աշխատել իրավասությունների հետ, որոնց միջոցով  «ռուսական ֆինանսական հոսքերի մեծ ծավալներ» են անցնում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի եւ Լատվիայի, նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Ռուսաստանից անօրինական ֆինանսական հոսքերի դեմ ուղղված զեկույցում  (Report on illicit finance relating to the Russian Federation), փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Մասնավորապես, Կիպրոսում, որը «շարունակում է փողերի լվացման առումով մտահոգություն առաջացնող իրավասություն» մնալ, սառեցվել են ռուս միլիարդատերերի Օլեգ Դերիպասկայի եւ Վիկտոր Վեկսելբերգի բանկային հաշիվները: Դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 6-ից հետո, երբ ԱՄՆ ֆիննախը Դերիպասկային, Վեկսելբերգին եւ նրանց ընկերությունները ընդգրկել է պատժամիջոցների ցուցակում:

ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ Դերիպասկայի եւ Վեկսելբերգի դեմ պատժամիջոցները զգալի ֆինանսական վնաս են հասցրել գործարարներին: Մասնավորապես, Վեկսելբերգի կարողությունը կրճատվել է մոտ 3 մլրդ դոլարով՝ մինչեւ 13.5 մլրդ դոլար: 2018 թվականի հուլիսի 26-ի դրությամբ այն 16.4 մլրդ դոլար է կազմում: