Մեզ հայտնի «հին» կենսաթոշակային համակարգը ստեղծվել է 19-րդ դարի վերջին, Գերմանիայում։ Գրեթե միաժամանակ առանձին երկրներում հայտնվեցին տարբեր հիմնադրամներ, որոնց նպատակը սահմանափակվում էր աղքատներին օգնության տրամադրմամբ։ Այդ հիմնադրամները հիմնված էին կամավոր վճարների վրա եւ, ավելի շուտ, բարեգործական կազմակերպություններ էին։ Հետագայում այդ հիմնադրամների գործունեության մի քանի տարրեր ներառվեցին կենսաթոշակային համակարգում։

Գերմանական մոդելը, որը ենթադրում էր աշխատակիցների եւ գործատուների պարտադիր վճարներ, բավականին արդյունավետ էր։ Պատահական չէ, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում այդ սխեմայով է գործում ժամանակակից կենսաթոշակային համակարգը։

Գերմանական կենսաթոշակային համակարգի հիմքում սերունդների համերաշխության սկզբունքն է։ Աշխատակիցը կատարում է վճարումը, որով վճարվում են թոշակառուների  կենսաթոշակները։ իսկ երբ նա է թոշակի անցնում, այդ գումարը կուտակվում է աշխատակիցների նոր սերնդի վճարներից։

Այս պրակտիկան հաջողությամբ գործում է թոշակառուների թվաքանակի նկատմամբ աշխատակիցների զգալի աճի դեպքում։ Այսպես, ԽՍՀՄ–ում աշխատունակ բնակչության  բարձր զբաղվածությունը թույլ էր տալիս խուսափել սոցիալական այդ ոլորտում խնդիրներից։ Սակայն, համեմատաբար ցածր միջին աշխատավարձը կանխորոշել է կենսաթոշակների համեմատաբար ցածր մակարդակ։ Սա, իհարկե, զարգացած երկրների ձեռքբերումների համեմատությամբ։

Սակայն, ամենազարգացած երկրներում վերջին տասնամյակներում ժողովրդագրական շարժերը բերել են ամբողջությամբ կանխատեսելի հետեւանքների։ Կյանքի միջին տեւողությունը ավելացել է, ընդ որում՝ ծնելիության կրճատման ֆոնին։ Արդյունքում թոշակառուների մասնաբաժինը բնակչության թվաքանակում անշեղորեն աճել է (այսպես կոչված «բնակչության ծերացում») եւ զբաղվածների թվաքանակի հարաբերակցությունը թոշակառուների նկատմամբ հետեւողականորեն վատթարացավ։ Սա հանգեցրել է կենսաթոշակային հիմնադրամների արտակարգ ծանրաբեռնվածության եւ խոչընդոտել է կենսաթոշակի բարձրացմանը։

Վճարումների դրույքաչափերը բարձրացնելու միջոցով հարցին լուծում տալը կհանգեցներ աշխատավարձով աշխատող մարդկանց օրինաչափ դժգոհությանը, ինչպես նաեւ գործատուների (եթե նրանք վճարեին վճարների մի մասը)։ Սա կխթաներ հարկերի վճարումներից խուսափելու դեպքերին եւ ստվերային զբաղվածության աճին։

Մյուս մոտեցումը՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումն է։ 

Այդ բարեփոխումն այժմ նկատվում է Ռուսաստանում եւ արդեն հանգեցրել է զանգվածային բողոքների։ Սակայն, կենսաթոշակային տարիքը սահմանափակվել է ողջամտության սահմաններում՝ կանխորոշված կյանքի միջին տեւողությամբ։ Ի դեպ, հենց այդ հանգամանքն է հատկապես վրդովվեցրել ռուսաստանցիներին։

Անմասն չմնաց նաեւ մեր երկիրը, որն արդեն հասցրել է բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչեւ 63 տարեկան (կանանց համար՝ 55 տարեկան, իսկ տղամարդկանց համար՝ 60 տարեկան)։ Եվ, դատելով իրավիճակից, դրանով չի սահմանափակվի։

Խնդրի լուծման արդյունավետ ուղիներից մեկը կուտակային համակարգ ստեղծելն է։ Ինչպես հայտնի է՝ դեռեւս  նախորդ դարի 70-ական թվականներին այդ մոդելը ներդրվել էր Չիլիում։  Կուտակային համակարգը, կարծես, իդեալական էր։ Ամեն աշխատող ուներ իր անհատական հաշվեհամարը, կարող էր ընտրել մասնավոր հիմնադրամ իր միջոցները կուտակելու համար։ Պակաս կարեւոր չէ, որ երաշխավորվում էր անհատական հաշվեհամարին կուտակված միջոցների ժառանգականությունը։

Սակայն կուտակային համակարգը ուներ տարիքային սահմանափակումներ։ Այսինքն՝ աշխատավարձ ստացող աշխատողների ավագ սերունդը զրկվում էր այդ համակարգում մասնակցությունից։ Այդպիսով,  հակասություն  էր առաջանում ներկա եւ ապագա թոշակառուների կենսաթոշակների չափերի միջեւ։ Սկզբունքորեն, անհատական հաշվեհամարներում  եղած միջոցները չեն կարող օգտագործվել ներկա թոշակառուների կենսաթոշակները վճարելու համար։ Երկրները, որոնք կարեւոր նշանակություն են տալիս թոշակառուների առաջ պետության պարտավորությանը, այդ հանգամանքը ստիպում էր փոխզիջումային տարբերակներ որոնել։ Սա կուտակային համակարգի օբյեկտիվ խնդիրներն են։

Սակայն, կան նաեւ սուբյեկտիվ խնդիրներ։ Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը, հատկապես զարգացած երկրներում, միշտ չէ, որ համընկնում է վճարումները կատարող անձանց շահերի հետ։ Լինում է՝ կուտակած գումարների ներդրումային սխալի պատճառով հիմնադրամին մեծ վնասներ են հասցվում։  Մի քանի երկրներ, հաշվի առնելով դա, հրաժարվել են կուտակային համակարգից։ Լինում է նաեւ, որ պետությունը (օրինակ՝ Ղազախստանը) վերահսկողության տակ է առնում մասնավոր կուտակային հիմնադրամները։ ՌԴ–ն, ի դեպ, պարբերաբար «սառեցնում» է կուտակային հիմնադրամների միջոցները։ Սա, իհարկե, նվազեցնում է այդ համակարգի նկատմամբ վստահությունը։

Հայաստանում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել՝ թոշակառուները ավելի շատ են, քան աշխատողները, որոնց վճարումներով կկատարվեին պարտադիր սոցիալական ապահովությունը։ Այդպիսի վիճակը հնարավորություն չի տալիս բարձրացնել կենսաթոշակի չափը առանց այդ էլ «խղճուկ» միջին կենսաթոշակի պարագայում։

Ժամանակին այդ հարցը լուծվել էր կենսաթոշակային հիմնադրամների ցրմամբ եւ պետական բյուջեից որոշակի գումարների օգտագործման միջոցով։

ՀՀ–ում կուտակային կենսաթոշակը եւ դրա պարտադիր բաղադրիչը (որը բացառվել է մի շարք զարգացած երկրներում) մի քանի տարի առաջ քննադատության ալիք էր առաջ բերել անկախ փորձագետների եւ լայն հանրության շրջանում։ Չնայած դրան՝ պարտադիր կուտակային համակարգը ներդրվեց։

Շատ քաղաքացիներ տեղյակ չեն դրա մանրամասներին։ Դրանից ելնելով՝ News.am  լրատվական–վերլուծական գործակալությունը սկսում է հրապարակել հոդվածների շարք, որոնք կօգնեն հասկանալ ՀՀ–ում տվյալ համակարգի նրբերանգները, ինչպես նաեւ ծանոթանալ արտասահմանյան փորձին։