Հայաստանում արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու Սահմանադրությանն ու մեր երկրի միջազգային պարտավորություններին: Պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում այս մասին ասել է արդարադատության նախարարը: Անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը քննարկելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ: Սա մասնագետների քննադատությանն էր արժանացել: Արտակ Զեյնալյանը, սակայն, պնդում է, ամեն ինչ օրինական է լինելու:

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցին նախարարը հրաժարվել է պատասխանել: Ասել է՝ իրավունք չունի, քանի որ ազդեցության լծակներ ունի:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին. Արտակ Զեյնալյանը հաստատել է, որ համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը: Իսկ արդարադատության նախարարի պաշտոնն ու Երեւանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակը քարոզարշավի ժամանակ չի համատեղի:

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել գեներալ Մանվել Գրիգորյանի՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում արված եւ տարածված լուսանկարը: Լրագրողներն այսօր այդ մասին կարծիք են հարցրել արդարադատության նախարարից եւ ոստիկանապետից: Արտակ Զեյնալյանը դատապարտել է լուսանկարի հրապարակումը:

Զեյնալյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ կատակել է. լուսանկարը տեսել, «բայց արդյո՞ք Մանվել Գրիգորյանն է», իսկ հետո լրագրողներին խորհուրդ է տվել դիմել ԱԱԾ-ի իրենց գործընկերներին: Նշենք, որ լուսանկարը հրապարակվել էր «Հայկական ժամանակ»-ի armtimes.com կայքում, այնուհետեւ ջնջվել: Պարբերականի խմբագիրը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է:

Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» եւ «АК-15» նմուշների արտադրություն կհիմնվի: «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանն ու «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը Մոսկվայում պայմանագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը: Արտադրության մեկնարկի, ծավալների մասին կամ պայմանագրի այլ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չի ներկայացրել:

Ադրբեջանական սեւ ցուցակում հիմա էլ գերմանացի պատգամավոր է հայտնվել: Գերմանիայի կանցլերի կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքն Ադրբեջան արգելվել է՝ Արցախ այցի պատճառով: Վայլերն Արցախում եղել է 2014 եւ 2016 թվականներին: Որոշ տեղեկություններով՝ նրան «անցանկալի անձ» համարելու որոշումը Բաքվում կայացրել են ամենաբարձր մակարդակով, այնպես որ՝ Ադրբեջանի դեսպանի հետ այդ հարցով բանակցություններն անարդյունք են ավարտվել: Նշենք, որ Ալբերտ Վայլերը պետք է օգոստոսի 24-ից կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցեր Հարավային Կովկաս այցի ընթացքում. Մերկելը լինելու է Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Գերմանացի խորհրդարանականը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել ուղեւորությունից:

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի խափանման միջոցը փոխվեց. դատարանի որոշմամբ՝ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, որ նրան կասկածում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում 50-ամյա տղամարդու ծեծելու մեջ, որի արդյունքում վերջինը հիվանդանոցում է հայտնվել: Թեեւ դեպքից կարճ ժամանակ անց տուժողը հայտարարել էր, որ իրեն չեն ծեծել, այլ վնասվածքները ստացել է սայթաքելու եւ ընկնելու հետեւանքով, սակայն Էդուարդ Բաբայանին գործով մեղադրանք է առաջադրվել:

Հնդկաստանի հարավում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով բնակիչները ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել. ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տներն ու ժամանակավոր ապաստան գտնել Քերալա նահանգում տեղակայված ճամբարներում: Մի քանի հազար մարդ էլ շարունակում է մնալ ջրհեղեղից տուժած վայրերում: Շատերը չեն ցանկանում հեռանալ իրենց տներից եւ խնդրում են իրենց ջուր եւ սնունդ հասցնել:

Տեղական իշխանություններն էլ հաղորդում են օգոստոսի կեսերից սկսված անձրեւների հետեւանքով 410 զոհի մասին: Բնության աղետը լուրջ վնաս է հասցրել ենթակառուցվածքներին: Քերալա նահանգի բոլոր 14 շրջաններում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել:

Օգոստոսի 21-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, եվրոն թանկացել է եւս 5 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 556, ռուբլունը՝ 7 դրամ 17 լումա, ֆունտինը՝ 618 դրամ:

Օգոստոսի 22-ին երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն: