Հոգեբանները որոշել են նոր անկյունից հետազոտել հին խնդիրը  եւ պարզել են, որ մարդիկ լավագույն կոգնիտիվ  ցուցանիշները դրսեւորում են «չար» ռոբոտի հսկողության ներքո աշխատելիս, գրում է popmech.ru-ն:

 Հետազոտության համար գիտնականները խնդրել են 58 երիտասարդների կատարել «Ստրուպի» թեստը՝ հոգեբանական փորձ, որի ժամանակ մարդ տեսնում է բառը եւ պետք է նշի, թե որ գույնի տառատեսակով է այն գրվել: Դա կարող է դժվարություններ առաջացնել, երբ օրինակ կանաչ բառը կարմիր գույնով է գրվել: Տարիներ շարունակ կատարված հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ այս թեստն ավելի լավ են կատարում սթրեսի կամ մրցակիցների կամ հսկող մարդկանց  պատճառով:

Հետազոտողները խնդրել են փորձի մասնակիցներին երկու անգամ կատարել առաջադրանքը: Առաջին անգամ նրանք մենակ են դա արել: Երկրորդ անգամ կամ մենակ կամ ռոբոտի ներկայությամբ:

Անսովորն այն էր, որ մասնակիցները արդեն հասցրել էին կարծիք կազմել ռոբոտի մասին, քանի որ թեստից առաջ նրա հետ նույն սենյակում էին գտնվել:

Ընկերասեր ռոբոտի հսկողության ժամանակ մասնակիցները արդյունավետ չեն աշխատել: Իսկ երբ մարդկանց հետեւել է «չար» ռոբոտը, արդյունքները բավական բարելավվել են, ինչպես եւ նախորդ փորձերում, երբ մարդիկ էին հսկողի դերում:

Հետազոտության համաձայն՝ ոչ ընկերասեր ռոբոտի ներկայությունը կարող է բարձրացնել մարդկային զգոնությունը նույնքան, որքան մարդու ներկայությունը, ընդ որում ռոբոտը կարող է ընդհանրապես ոչինչ չանել: