Իզմիրում Թուրքիայի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը Կուրբան բայրամ տոնի օրերին ուժեղացրել են տնային կալանքի տակ գտնվող ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի տան պահպանությունը, հաղորդում է Hurriyet-ը:

Հաղորդվում է, որ հակաահաբեկչական ստորաժաբանումների, հատուկ ջոկատի, ինչպես նաեւ Yunus Polis-ի աշխատակիցները անընդհատ հսկում են փողոցում, որտեղ գտնվում է քահանայի տունը: Փողոցներում կասկած հարուցող անցորդները, տրանսպորտային միջոցները ոստիկանության կողմից ստուգվում են:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ն նշում էր, որ ԱՄՆ-ն կարող է ուժային ակցիա իրականացնել քահանային ազատելու համար:

Նշենք, որ Բրանսոնի գործը դարձավ Անկարայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության պատճառ:  Բրանսոնին թուրքական իշխանությունները մեղադրում են լրտեսության, քրդական ապստամբներին աջակցելու եւ անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպիչներին օգնելու համար: Նրան սպառնում է  35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է եւ նրա ձերբակալությունը եւ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունեն: