ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 22-ին, հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ փորձ է արվում ճնշել պատգամավորներին:

«Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի, որեւէ քայլ, որեւէ մտադրություն չի կարելի դուրս դնել Սահմանադրության, սիրո եւ համերաշխության տրամաբանությունից: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,,-ասաց ՀՀ վարչապետը:

Հարցին, թե տարբերակ տեսնում է, որ ՀՀԿ-ականները ԱԺ-ում կարող են քվեարկել եւ օրինակ, Ռոբերտ Քոչարյանը վարչապետ ընտրվի, Փաշինյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար:

Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել: Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, օգնել, որ նրանք իրավիճակը ավելի ռեալ գնահատեն: Ոչ մի հավելյալ բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»,-հայտարարեց վարչապետը: