Հայաստանում էշելոնային հակակարկտային համակարգ կստեղծվի: Այս մասին օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նրա խոսքով՝ այս համակարգը կներառի հակակարկտային սարքեր, ցանցեր, հրթիռները: Ինչպես պարզվեց, գազագեներատորային կայանները, ի տարբերություն հրթիռների, անարդյունավետ են 3-4 մակարդակի ամպերի դեմ: Ուստի հակակարկտային կայանների շահագործումը կշարունակվի ավելի ցածր մակարդակի ամպերի դեմ:

Նախարարը հայտնեց, որ արդեն հաջորդ տարվանից Արմավիրի մարզի մեծ մասը պաշտպանված կլինի՝ հակակարկտային հրթիռների տեղադրման շնորհիվ: Ամբողջ մարզն ընդգրկել հնարավոր չի լինի, քանի որ այն սահմանակից է Թուրքիայի հետ, եւ հենց այնտեղից էլ գալիս են ամպերը:  «Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով մենք սահմանային տարածքներում հրթիռներ արձակելու հնարավորություն չունենք»,- պարզաբանեց նախարարը: