Ես չեմ պատկերացնում, թե ինչպես 4-5 երեխա ունեցողը, որը ժողովրդագրական խնդիր է լուծել երկրի համար, պետք է կուտակային համակարգին նույնքան հատկացում կատարի, որքան անձը, որը չունի երեխա կամ ունի մեկ երեխա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 –րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, այսինքն առանց մարդկանց սոցիալական վիճակը հաշվի առնելու, նրանց վրա հավասար բեռ է դրվել. «Ես համոզում ունեմ, որ 4-5 երեխա ունեցողը պետք է առնվազն 5 անգամ նվազ վճարի, պետությունն էլ պետք է հասկանա, որ պետք է պաշտպանի իր քաղաքացուն, նրա ընթացիկ սոցիալական վիճակը»:

Բացի այդ, ըստ նախարարի կա շեմ, որ 2020 թվականից հետո կոտկատային վճարումներն ավելի շատ են դառնալու. «Ակնհայտորեն այդ շեմը վերանայման կարիք ունի: Բացի այդ, չկա կամ նվազ է գումարը կանխիկացնելու հնարավորությունը: Համակարգը թույլ չի տալիս որեւէ ձեւով կանխիկացնելու գումարը այն քաղաքացիներին, որոնք արդեն բավական մեծ գումար են կուտակել: Պետք է գտնել ճանապարհը, որով քաղաքացին դժվարին իրավիճակում կկարողանա կանխիկացնել իր գումարը: Համակարգը պետք է ավելի գրավիչ ու հասկանալի դարձնել քաղաքացու համար»: