Այսօր շատ թոշակառուներ ստանում են շատ ցածր թոշակ, որոշ դեպքերում կարելի է կոչել ծերության նպաստ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 –րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Ոչ մի բան չի կարող արդարացնել վիճակը, որ մեր երկրում կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ: Սրանք քաղաքացիներ են, որոնք այս կամ այն պատճառով ստանում են պարենային զամբյուղից նվազն կենսաթոշակ: Մեր երկրում չի լինելու քաղաքացի, որը ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ: Այս մասին արդեն համաձայնություն ունենք: Խոսքը մոտ 80 հազար քաղաքացու մասին է: Բնական է, որ սա նաեւ ռեսուրսի խնդիր է, բայց մի օր պետք է հասկանանք, որ մեր երկիրը պարտավոր է նվազագույն կենսապահովումը ապահովել»,-ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ 2016 թվականի դրությամբ նվազագույն պարենային զամբյուղը 23 հազար դրամից ավելի էր, հիմա դա հասած կլինի 25 հազար դրամի:

Թանդիլյանը նշեց, որ նախընտրելի է զգալի բարձրացնել նման ցածր կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակը, քան ասենք, հազար դրամով բարձրացնել բոլորի կենսաթոշակը: