Փաստ է, որ այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի լոկոմոտիվն է ու սա չի կարող ընդունելի համարվել մեր կառավարության համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի մոդելը ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մեր ընդերքի վաճառքին, այլեւ այդ ընդերքի վաճառքից գեներացվող գումարների արդյունքում ձեւավորված տնտեսական աճը ներառող չէ: Այսինքն՝ այդ տնտեսական աճի ազդեցությունը իրենց վրա չեն զգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկել հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունն ավելի որակյալ եւ պատասխանատու դարձնելու համար եւ այնպիսի շահագործման կանոններ հաստատելու համար, որ հանրությունն իսկապես զգա, որ այդ ազգային հարստությունը օգտագործվում է այնպես, որ դրանից պետությունը եւ հանրությունը ստանում են այնքան օգուտներ, ինչքան պետք է իրականում ստանան:

Նշենք, որ Կառավարությունն ընդունեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշումը:

Նախագծի պարզաբանման մեջ նշվում է, որ հանքարդյունաբերության ոլորտը հանդի-սա¬նալով Հայաստանի արդյունաբերության կարեւոր ոլորտներից մեկը դեռեւս չունի հստակ քաղաքականություն եւ ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական եւ իրականացնել կոնկրետ գործողություններ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Նախատեսվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, որի մշակման համար նախ անհրաժեշտ է կատարել որոշակի ախտորոշիչ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվելիք ռազմավարական փաստաթղթում կտրվեն ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող՝ բացահայտված խնդիրների լուծման ուղղությունները եւ բարեփոխումները ապահովելու համար ֆինանսական գնահատականը: