«Երեւանյան հանրություն» դաշինքի նախընտրական ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում կգլխավորեն Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը եւ Արա Մուրադյանը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երեւանյան հանրություն» դաշինքի անդամ, ճարտարապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու «ԳԱԼԱ» կուսակցությունից Անահիտ Թարխանյանը:

Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն է ներկայացնել երեւանյան հանրությունը, նրանց շահերն առաջիկա ընտրություններում եւ իրենց հիմնական ուշադրությունը նրանք կսեւեռեն երեւանյան հասարակության համար առաջնահերթ խնդիրների վրա:

«Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին ընտրություններն են, եւ անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը վստահի: Բարձր վստահության ապահովման համար, առաջին հերթին մենք պետք է պահանջենք պարոն Մուկուչյանի հրաժարականը ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնից»,- պարզաբանեց քաղաքապետի թեկնածուն:
Ընդ որում, նա նաեւ կոչ արեց Հանրապետական կուսակցությանը չմասնակցել քաղաքապետի առաջիկա ընտրություններին: Իր դիրքորոշումն այս հարցում Թարխանյանը չհստակեցրեց:

«Այնպես որ, կոչ եմ անում բոլորին վաղը միանալ մեր հանրահավաքին ավելի վաղ նշված պահանջներով: Ինչ վերաբերում է մեր նախընտրական քարոզարշավին, ապա դրա մանրամասները մենք կհրապարակենք սեպտեմբերի 10-ից հետո, ինչպես նաեւ՝ մեր ծրագրերերի մանրամասները», - ասաց Թարխանյանը: Ինչպես պարզվեց, 4 տարվա համար նախատեսված ծրագրերի իրականացման համար առնվազն 1 մլրդ դոլար կպահանջվի:

Թարխանյանը նաեւ հայտարարեց, որ 4 տարվա ընթացքում իրենք նախատեսում են մոտ 30 հազար աշխատատեղ ստեղծել Երեւանում: Հիմնական շեշտը կդրվի առողջապահության, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, ինժեներական ցանցերի, սոցիալական եւ մշակութային խնդիրների վրա: