Ազգային ժողովը թույլ չի տա, որ որեւէ մեկը՝ լինի դատական իշխանություն, թե գործադիր իշխանություն, մատ թափ տալ Ազգային ժողովի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին կայացած հանդիպմանը նա ասաց. «Ամենակարեւորը՝ ֆիքսվեց շատ կարեւոր բան. Նախ, Հայաստանում բազմակարծությունը, այլակարծությունն ու խոսքի ազատությունը աներկբա փաստ է, երկրորդ, դատական համակարգը, օրենսդիր եւ գործադիր համակարգերը իշխանության առանձին ճյուղեր են եւ որեւէ մեկը չի կարող մտնել մյուսի ֆունկցիայի մեջ: Սա Սահմանադրությամբ է սահմանված: Երրորդ, հայաստանում անցումային արդարադատության անցնելու ամբողջական հիմքեր չկան, դրա համար որեւէ պայման ու անհրաժեշտություն չկա, եւ արդարադատության համակարգն իրեն չի սպառել: Չորրորդ, արտահերթ ընտրությունների հետ կապված կերկխոսենք, կտեսնենք: Եթե պետք է դա լինի, կքննարկենք, թե որ ճանապարհով գնանք, կարելի է քննարկել նաեւ հանրաքվեով գնալու տարբերակը: Սրանք տարբերակներ են, ես միշտ էլ մտածել եմ, որ իմ կարծիքը չպետք է բոլորի համար դոգմա լինի»,-ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ԱԺ-ն կհամաձայնի՞ վարչապետի առաջարկած սահմանադրական փոփոխությունների, որից հետո կգնա ինքնալուծարման, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես Փաշինյանի ելույթին արձագանքել եմ եւ շատ խիստ քննադատել եմ, որ այն ամենը, որի համար Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին, որ մենք մեր իշխանությունը պահելու, աթոռը պահելու համար սահմանադրական փոփոխությունների է գնում, հիմա ինքը գնում է նույն ճանապարհով: Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի: Մենք կուսակցությունում չենք քննարկել: Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, որ դեմ եմ նման ինքնալուծարումների, ինչ է թե Պողոսը կլինի, թե Պետրոսը, վարչապետի իր պաշտոնը պահի: Կտեսնենք, կքննարկենք, բայց այնպես չէ, որ իմ կարծիքը ՀՀԿ-ում միակն է»:

Նշենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք կարող են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը եւ անցկացնել արտահերթ ընտրությունները: