Արեւմտյան Բալկանների երկրները ԵՄ-ի գործընկերներ են դառնում անվտանգության ապահովման հարցերում, մինչդեռ ավելի վաղ նրանք դիտարկվում էին որպես անկայունության օջախ: Այս մասին հինգշաբթի օրը Վիեննայում ԵՄ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա ոչ ֆորմալ երկրորդ աշխատանքային հանդիպմանն ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւանվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք սկսել ենք մեր հանդիպումը շատ կարեւոր քննարկումից՝ Արեւմտյան Բալկանների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցության մասին: Մենք Արեւմտյան Բալկանները միշտ դիտարկել ենք որպես անկայունության գոտի. այժմ մենք դրանք դիտարկում ենք որպես գործընկերներ այս ոլորտում, եւ ՆԱՏՕ-ի հետ միասին մենք քննարկում ենք՝ ինչպես զարգացնել մեր համագործակցությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,- նշել է նա:

Մոգերինիի խոսքով՝ հինգշաբթի օրը ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցության եվրոպական ծրագրի (PESCO) ընդլայնման հնարավորությունները, այդ թվում նաեւ՝ գործընկեր երկրները ներգրավմամբ: