ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ոստիկանները թեւերը ոլորելով բերման էին ենթարկել Ուկրաինայի երկու քաղաքացիների, որոնք նվագում էին Հյուսիսային պողոտայում:

«Անկեղծ ասած, այդ հարցը ես կարգավորել եմ, հիմա կասեմ ինչ կարգավորում է ստացել։

Մտահոգությունը տեղին է, ես հասկանում եմ մեր քաղաքացիների եւ տարբեր սոցցանցերի օգտատերերի դժգոհությունը։ Այո, կան երկրներ, ես ինքս ականատեսն եմ եղել եւ կան քաղաքներ ու փողոցներ, որտեղ երաժշտություն կա եւ այլն, բայց Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված է, մենք պետք է մտնենք այդ բնակիչների դրության մեջ։ Այո՛, դա երաժշտություն է, դա գեղեցիկ է, դա հաճելի է, բայց այդ երաժշտությունը բնակիչների համար դարձել է աղմուկ։ Մենք ունենք բազմաթիվ բողոքներ։  Պնդումները, որ այնտեղ մարդիկ չեն ապրում, չի համապատասխանում իրականությանը։ Ես նույնիսկ շնորհակալություն եմ ստացել բնակիչներից, որոնք նամակ են գրել ոստիկանությանը եւ բնակիչներն էլ ստորագրել են։

Հանձնարարել եմ, որ մոտենան, զգուշացնեն, որ ձայնը քիչ լինի եւ մինչեւ 23.00–ն այդ ամենը կազմակերպեն»,-ասաց Օսիպյանը:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, ՀՀ ոստիկանապետն ասաց. «Երեկվա միջադեպի մասով, որին ստիպված են եղել ոստիկանները միջամտել, եղել է վիճաբանություն 2 երաժիշտների միջեւ, եւ իրենք չեն հերքում, նրանցից մեկը գտնվել է ոչ սթափ վիճակում, իրար սեռական եւ տարբեր տեսակի հայհոյանքներ են տվել, մեր անցորդները դիտողություն են արել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ օրենքով է կարգավորվում հասարակական վայրում ոչ սթափ վիճակում երեւալը։ Ներկայացրել են տարածքային ոստիկանություն եւ արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել»:

Ոստիկանությունից էլ այս առնչությամբ հայտնել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել:

Ավելի վաղ հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում «Հալածանք Հյուսիսային պողոտայի երաժիշտների հանդեպ» վերնագրով գրառման մեջ գրել էր.

«Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին։

Երեկ նորից որսը վերսկսեցին՝ թե բնակիչները բողոքում են։ Ես էնտեղ էի, միջամտեցի՝ գնացին։ Բայց պարզվեց ոստիկանության մայորը, որն արդարացավ, թե միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք, արդեն հրահանգել էր բռնել կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին։ Շատ բռի ձեւով թեւերը ոլորել-տարել էին բաժանմունք։ Իսկ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈԻՄ՝ սրանց երաժիշտ որսալը նոր բռնե՞ց՝ հենց նոր իշխանության օրո՞ք։ Մեկնումեկդ տեսե՞լ եք, որ սրանք որեւէ բուղայի կամ դրա բուղա թիկնապահների թեւերը ոլորեն։ Երեւի ճիշտ էր Սաակաշվիլին, որ բոլոր հին ոստիկաններին մի օրում գործից հանեց։

Ես նորից ասեմ։ Հյուսիսային պողոտան ճեմուղի է, հանրային տարածք, աղմուկի չափը կգերազանցեն, միջոցներ ձեռնարկեք, ուրիշ չափանիշներ էլ կարող են մշակվել։ Բայց դուք պետք է երաժիշտներին մոտենաք էդ թուղթը ձեռքներիդ՝ այլապես իրենք ազատ են անելու այն, ինչն օրենքով չի արգելվում։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված։

Երեկ կեսգիշերին ուկրաինացի երաժիշտներ Իլյա Կուլիկին եւ Ալեքսանդր Իլյուշինին ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Կենտրոնի ոստիկանատնից։ Շնորհակալություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության համար։

Շնորհակալություն Հյուսիսային պողոտայի տասնյակ անցորդների, ձեզ բոլորիդ՝ հրապարակային ու ԱՆ-ով (PM) արված օգնություն առաջարկների համար։

Երաժիշտների համար ծանր էր, բայց ընկճված չեն ու էսօր էլ են նվագելու։ Եկեք լսելու»:

Վահրամ Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից: