Պակիստանյան Փենջաբ նահանգի իշխանությունները որոշել են արգելել «գռեհիկ» կինոազդերը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել տեղեկատվական հարցերի նախարար Ֆայազ ուլ Հասա Չոհանը, հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնում նշանակվելուց ի վեր նախարարն արդեն բազմիցս հասցրել է քննադատության եւ վրդովմունքի թիրախում լինել, այդ թվում՝ 2011 թվականին Փենջաբի նահանգապետի սպանության համար դատապարտվածի գերեզման այցելության, ինչպես նաեւ տեղի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Նարգիզի հասցեին քննադատության համար:

Ամեն դեպքում, նախարարը սպառնացել է տուգանել, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ փակել կինոթատրոնները, եթե կիսամերկ կանանց պատկերով «գռեհիկ» կինոազդեր հայտնվեն: