Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել.

1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով եւ պարզել, որ Շանթ Հարությունյանի եւ խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է:

2. Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի եւ Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը:

3. Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել:

4. Վարչապետը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ եւ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետեւ դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, եւ Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը եւ դուրս գալ բանտից, եւ ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

5. Վարչապետը նաեւ ընդունել է Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ պարզաբանել, որ նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008 թվականի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաեւ համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ:

6. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր, որ սպառնում է խաղաղ անհնազանդություն իրականացնել եւ հոր գործով զբաղվելու համար վարչապետին 2 ամիս ժամանակ էր տվել։