«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը, ինչի հետեւանքով կարող է Հայաստանում թանկանալ ցորենը եւ հացը:

Փոխադրումները  պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով  տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիների ղեկավարների միջեւ ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։