Շատ կարեւոր է, որ քաղաքական ատրիբուտները դպրոցում բացակայեն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, Սարդարապատի միջնակարգ դպրոցում ասել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրեք դրանք դրսում, կրեք դրանք տարբեր քաղաքական գործընթացների, հանրահավաքների ժամանակ, բայց դպրոցում համապատասխան նկարներով կամ գրառումներով օրագրեր, տետրեր կարծում եմ տեղին չեն, շատ կարեւոր է, որ քաղաքական ատրիբուտները դպրոցում բացակայեն, այդ թվում ինչպես նախկինում էր, հիմա էլ չպետք  է լինեն եւ ոնց որ թե չկան ղեկավարների անտեղի նկարները»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ դրա փոխարեն պետք է մեծ ուշադրություն  դարձնել պետականության խորհրդանիշերին:

«Պետականության անկյունում պետք է լինեն պետականության խորհրդանիշերը` մեր դրոշն է, զինանշանն է, հիմնի տեքստն է: Առհասարակ առաջարկ կա, որ եթե ոչ ամեն օր ապա շաբաթը մեկ անգամ երեխաները հավաքվեն  բակում, հիմնը երգեն եւ նոր անցնեն դասի: Քննարկեք, կարծում եմ, որ կարեւոր առաջարկ է, շատ երկրներում սա կիրառվում է, ընդ որում, ամեն օր, ամեն առավոտ եւ պետականության եւ խորհրդանիշների նկատմամբ հարգանքն էլ ավելի է ամրապնդվում»,- ընդգծել է նախարարը: