ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը խորհուրդ է տալիս «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին:

«Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը եւ բարեկամաբար խորհուրդ կտամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լրջորեն անդրադառնալ իրենց ցանկը գլխավորող թիվ մեկին փոխարինելու հարցին»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»: