Ռուսաստանին մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը «շարունակում է փոթորկվել»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների եւ դասախոսների առջեւ, հայտնում է Life-ը: 

«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում»,- ասել է Լավրովը:

Նա, սակայն, հավելել է, որ սա Հայաստանի ներքին գործն է:

«Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի եւ սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաեւ արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նախարարն ասել է, որ Ռուսաստանին հետաքրքրում է իրավիճակն այն երկրներում, որոնց հետ Մոսկվան դաշնակցային հարաբերություններ եւ ռազմավարական գործընկերություն ունի, լինեն կայուն, որ ներքին գործընթացները զարգանան սահմանադրական ուղիով եւ բարենպաստ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի բարելավման համար։ Սա է այն ամենը, ինչ մենք փորձում ենք անել մեր ինտեգրացիոն տնտեսական միավորման՝ Եվրասիական տնտեսական միության միջոցով, իսկ անվտանգության առումով՝ ՀԱՊԿ–ի միջոցով»,–հավելել է Լավրովը։

«Ուշադիր հետեւել ենք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելուց հետո, որով հիմնական լիազորություններն անցնում են վարչապետին, որն ընտրվում է խորհրդարանի կողմից։ Մենք չենք արել ոչ մի քայլ կամ հայտարարություն, որոնք կարող էին չափազանցվել եւ մեկնաբանվել որպես ներքին գործերի միջամտություն։ Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները եւս այդպես են վարվել»,–նկատել է Լավրովը։