Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի երկրորդ տրանշում ամբողջովին ավարտվել են հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները. Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նրա խոսքով, իրենց կողմից 2018-ի մայիսի 15-ից մինչեւ օգոստոսի15-ը ընկած ժամանակահատվածում տրանշ 2-ում կառուցվել է 6,5 կմ բետոնե պատվածք, արժեքը 3,2 մլրդ դրամ, որը կազմում է 2018-ի աշխատանքների պլանով նախատեսվածի 29 տոկոսը:

«Տրանշ երեքում ավարտվել եւ Ասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը, ուղղված գործողությունների պլանը: Այդտեղ Ազատան-Բենիամին 6 կմ-անոց հատվածում նախագծային փոփոխություն էեղել, քանի որ այդ տարածքով պատմագիտական օբյեկտ է հայտնաբերվել:

Տրանշ 4-ում նախագծային աշխատանքների մրցույթն է հայտարարվել: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին եւս ավարտել ենք հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները: Մինչեւ սեպտեմբերի 15-ը կավարտենք 38 եւ 45 կմ ճանապարհի շինարությունն ամբողջությամբ: Այն արժեր 31 մլրդ դրամ, որը 2018-ի պլանի մոտ 20 տոկոսն է կազմում»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ներկա պահին հիմնանորոգում ենք 10 ճանապարհներ, շուրջ 62 կմ երակրությամբ, որը կազմում է 2018-ի պլանի 50 տոկոսը. «Ձեռնամուխ ենք եղել միասնական երթուղային ցանցի իրագործմանը, որը ոչ միայն կբարելավի սպասարկման որակը, այլեւ կներառի բոլոր բնակավայրերը»: